Հեռավար կրթության մասին
Հայտնի պատճառով հանրապետությունում ստեղծված իրավիճակը ստիպեց կրթության պատասխանատուներին կազմակերպել կրթական գործընթաց, որը
Ա. Կբացառի մարդկային կուտակումները նույն վայրում։
Բ. Կապահովի կրթության շարունակականությունը։
Կրթություն ստանալու հեռավար ձևը 21-րդ դարում տեխնոլոգիաների զարգացման այսպիսի առաջընթացի պայմաններում, թվում է, պետք է շատ տարածված և պահանջված լինի, և այդպես էլ կա, բայց ըստ իս՝ դրան պետք է մոտենալ շատ զգուշավոր , չտրվել ավելորդ գայթակղությունների, քննարկել բոլոր դրական և բացասական կողմերը: Այնուամենայնիվ, այսպիսի կողմերը ի հայտ են գալիս և գալու են հեռավար կրթություն իրականացնելու ընթացքում:
Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝ կրթական, սոցիալական, առողջապահական, ֆինանսատնտեսական:
1.Մեծ հաշվով կրթությունը հեռավար է, թե առկա, այն իրականացվում է պետական չափորոշիչներով և ըստ պետական ծրագրերի: Իրականացվե՞լ է արդյոք այսպիսի կրթություն՝ ժամանակը ցույց կտա, բայց պարզ է, որ աշակերտների համար հետաքրքիր էր, զարգացնում էր ինքնուրույն աշխատելու կարողություն և հմտություն, տեխնոլոգիաները հաճելի , հաճախ վնասակար զբաղմունքից վերածվել էին կրթություն, գիտելիք, օգտակար տեղեկատվություն ստանալու գործիքի: Ուսուցիչների համար խթանող էր, որպեսզի պրպտեն, փնտրեն նոր ձևեր, մեթոդներ, ուսումնական նյութեր, ինքնուրույն ուսումնական նյութեր ստեղծեն, վերջապես, տիրապետեն որոշակի համակարգչային գիտելիքների: Այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ լիարժեք հեռավար կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ է ուսուցիչների լուրջ վերապատրաստում: Իսկ ներկայումս իրականացված աշխատանքը ոչ թե հեռավար կրթություն էր, այլ նվազագույն կորուստներով վիճակը փրկելու փորձ:
2. Հեռավար կրթությանը առավելություն տալիս պետք է հաշվի առնել, որ մարդը սոցիալական էակ է, և երեխան պետք է մեծանա, ապրի,կրթվի սոցիալական միջավայրում, ընկերություն անի, վիճի, շփվի, և նրա դաստիարակության գործում մեծ դեր ունի անգամ առավոտ շուտ դպրոց գնալու դժվարությունը:
3. Անհրաժեշտ է մշակել և սահմանել նորմեր ըստ տարիքային առանձնահատկությունների, թե որ տարիքում ինչքան կարելի է նստել համակարգչի առաջ, ինչ հեռավորությամբ, ինչքան պետք է տևի մեկ ակադեմիական ժամը, նյարդային, աչքի, ողնաշարի ինչ խնդիրներ կարող են առաջանալ, սահմանել առավելագույն ժամաքանակը: Դրան պետք է միտված լինի ֆիզկուլտուրայի, կերպարվեստի, տեխնոլոգիայի, երաժշտության դասերի ճիշտ կազմակերպումը, որպեսզի դրանք ոչ թե դուրս մնան ուսումնական գործընթացից, այլ շատ ակտիվ կատարեն իրենց հոգևոր և ֆիզիկական առաքելությունը:
4.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընթացքում առաջացան նաև ֆինանսատնտեսական խնդիրներ՝ կապված տեխնիկական միջոցների և կապի ոչ բավարար լինելու հետ, կարելի է հարցը լուծել հետևյալ կերպ. հեռավար կրթություն իրականացնել ձմռան ամիսներին՝ դրանով խնայելով ջեռուցման համար ծախսվող միլիոնավոր դրամներ, որոնք կարելի է օգտագործել և՛ այդ նպատակով, և՛ ուսուցիչներին վերապատրաստելու կամ խրախուսելու նպատակով:
Ինչ վերաբերում է Հեռավար կրթության կազմակերպման կարգին, հաճելի նորություն էր 5-րդ կետը, ըստ որի՝ համապատասխան ուսուցչի բացակայության դեպքում հնարավոր է դառնում ՀՈՒԿ-ի համապատասխան մասնագետների ներգրավումը: Նման հարց վերջին ժամանակներս հաճախ է առաջանում առանձին առարկաների գծով:
Կարևորում եմ 8-րդ կետի այն պնդումը, ըստ որի՝ հեռավար կրթության իրականացման ձևերը կարող են տարբերվել առկա ձևերից աշակերտի հետ ուսուցչի աշխատանքի պարտադիր պարապմունքների ծավալով: Այս կետը խթանում է աշակերտին ինքնուրույն աշխատելու, մտածելու, ստեղծագործելու, երևակայելու: Հայտնի է, որ ուսուցիչը երբեմն <<խանգարում >> է՝ մատուցելով պատրաստի գիտելիք:
Լրացուցիչ պարզաբանման և մանրամասների կարիք ունի 16-րդ կետը՝ կապված ուսուցիչների վճարման հետ: